Հովիկ Աբրահամյանը վարչապետության «ղեկը» ստանձնելիս զանազան ու զարմանազան խոստումներ տվեց. զորօրինակ, առաջարկեց ստեղծել մի ակումբ, որի անդամ նախկին վարչապետերն իրեն կօգնեն ու խորհրդով-բանով երկիր կկառավարեն:
Անցան ամիսներ։ Ի՞նչ ունենք այսօր: ՈՒնենք նախկին վիճակից ոչնչով չտարբերվող, եթե ոչ ավելի վատ վիճակ: Գոնե նախկին վարչապետերը մի «բարի» խորհուրդ տան: Բայց բավական չէ` խորհուրդ չեն տալիս, երբեմն էլ անձամբ են խոսում: Օրինակ, ճիշտ «նոկաուտի» պահը մշտապես որսում է Քոչարյանն ու... Լա՛վ, էս դժնդակ օրերին մի սփոփանք չկա՞ Աբրահամյանի համար: Կա՛:
Պարզվում է, նա պարբերաբար «օգտվում» է Հրանտ Բագրատյանի ծառայություններից: Մեր տեղեկություններով, նրանք հաճախ են հանդիպում, զրուցում: Թե Բագրատյանի տնտեսագիտական միտքը որքան է ծառայում գործող վարչապետին, հարց է: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը սրընթացորեն շարունակում է գահավիժել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ